Սիրելի հայրենակիցներ, 2026 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցե…
2026 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Այս իրադարձությունը XX դարի պատմության ամենաողբերգական էջերից և մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործություններից մեկն է։
1915–1923 թվականներին Օսմանյան կայսրությունում համակարգված կերպով ոչնչացվել է հայ բնակչությունը։ Դա պետական քաղաքականություն էր՝ ուղղված հայ ժողովրդի և հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը նրա պատմական հայրենիքում ։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Սա սգի և վշտի օր է՝ նվիրված Օսմանյան կայսրությունում ոչնչացված հայերի հիշատակին։
Նշված ժամանակահատվածում ոճրագործության զոհ են դարձել տղամարդիկ, կանայք, երեխաներ, ծերեր, մտավորականներ։ Մարդկանց վտարել են իրենց տներից, դատապարտել տառապալից մահվան անապատներում, ենթարկել դաժան հալածանքների միայն այն պատճառով, որ նրանք հայ էին և դավանում էին քրիստոնեություն։ Հայ բնակչությունն իր պատմական հայրենիքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է կամ բռնի տեղահանվել, իսկ բազմաթիվ հոգևոր սրբավայրեր և անգին ճարտարապետական հուշարձաններ ավերվել են։
Ողբերգությունից փրկված հայերը սփռվել են աշխարհով մեկ՝ ապաստան գտնելով իրենց հայրենիքից հեռու, այդ թվում՝ նաև Ռուսաստանում, որտեղ նրանց ցուցաբերվել է օգնություն, ապահովվել են սննդով և կացարանով։
Այսօր, ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ Կրասնոդարի երկրամասում ապրում են ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներ, որոնք արժանի ներդրում են ունեցել Ռուսաստանի և Կրասնոդարի երկրամասի զարգացման ու բարգավաճման գործում։
Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքը իր հիշողության մեջ միշտ վառ կպահի և կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար մենք չպետք է մոռանանք այս հրեշավոր հանցագործությունը և պարտավոր ենք անել ամեն հնարավորը՝ ապագայում նման ոճրագործությունների կրկնությունը բացառելու համար։
Անմեղ զոհերի հիշատակը միշտ կենդանի կմնա մեր սրտերում։
Հիշում ենք և պահանջում։


